Սրտի կառուցվածք

654931.jpg
Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:
Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:
Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:
Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:
Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:
Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

Թողնել մեկնաբանություն